ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը։ 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը կիրականացվի Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում: Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Անկախ դասավանդման ուղղությունների քանակից` մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ անգամ՝ մեկ ուղղությամբ (իր ընտրությամբ): Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում: Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ հա­մայնքային կազմակերպությունների  արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու» N 269-Ն որոշման դրույթների:   

426