Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը «կատատրվամայից հետո, պոլիտրավմա, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ, թոքերի սալջարդ, պնեմոթորաքս, զույգ կրունկոսկրերի կոտրվածք տեղաշարժով, աջ սրունքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Այս մասին գրել է shamshyan.com-ը:

Իրավապահները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա Գագիկ Պ․-ն է, որը  հիվանդանոց է տեղափոխվել Արտեմ Միկոյան փողոցում գործող «Անանիա Շիրակացի» ճեմարանից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։

Ըստ աղբյուրի, արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, իր կորած  գլխարկը փնտրելու համար է գնացել այնտեղ։ Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ԲԿ տեղափոխված երեխայի մոտ կա դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է: Տղան գիտակից է, դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

3621