Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ուլզիիսաիխան Էնխտուվշինին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Էնխտուվշինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում կներդնի իր բոլոր ջանքերը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոնղոլիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի և տնտեսական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերին: Այս տեսանկյունից կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: 

354