Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300մլն դրամի հափշտակություն է կատարել: Նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը:

Քննությամբ հիմնավորվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, դրանք հափշտակելու համար, վստահություն առաջացնելու նպատակով, մոտեցել է այդ անձանց, ներկայացել որպես վերջիններիս հարազատներին, հիմնականում՝ նրանց հոր մտերիմ կամ բարեկամ, և նրանց վստահությունը ձեռք բերելու համար խնդրել է զանգահարել նրանց այդ հարազատներին, հեռախոսով զրուցել վերջիններիս հետ և այդ կերպ ամրապնդել տուժողների վստահությունն իր նկատմամբ: Հեռախոսազրույցն ավարտելուց հետո, հենց տեղում կամ սրճարաններ հրավիրելով, նրանցից վերցրել է տարբեր արժողությամբ և քաշի ոսկյա զարդեր, ապա, ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով, հեռացել և այլևս չի վերադարձել:

Որոշ դեպքերում 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, որպես նրանց ազգականի մտերիմ՝ խնդրել է այդ անձանց իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իր իբրև թե ծանոթ նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։

Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները կամ թուլացնելով զգոնությունը, պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։

Մեկ դեպքում էլ վերջինս, գնորդին ներկայանալով որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, պայմանավորվածություն է ձեռք բերել ավտոմեքենան 500.000 ՀՀ դրամով վաճառելու հարցի շուրջ: Ապա հայտնելով, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց գտնվում է ինչ-որ անձի մոտ՝ խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով:

Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն, նա հեռացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (31 դրվագ ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 1-ին մասին, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (9 դրվագ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 2-րդ մասին 4-րդ կետին և 176-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Խարդախությամբ և այլ կերպ կատարված 40 դրվագ հափշտակությունների մասով վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ելնելով քրեական վարույթի աննախադեպ ծավալից՝ մյուս 33 դրվագների մասն ավելի վաղ ուղարկվել էր դատարան

Նշված անձի հանցավոր արարքներից տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300 մլն. ՀՀ դրամ:

Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել»:

1074