Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ավելի հոգատար և սրտացավ լինել բնության նկատմամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանգստյան օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։
Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հանգստի ընթացքում՝
Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»։

Լուսանկարում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Գոշ լիճն է, հեղինակ՝ Տիգրան Արամյան:

639