Կարծիք կա, որ եթե հակառակորդն այս անգամ էլ չհարգի միջազգային հանրության ջանքերը և կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները երրորդ անգամ շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը, քանի որ սա արդեն կլինի մարտահրավեր միջազգային հանրությանը։

 

 Ի՞նչ կոշտ միջոցներ կկիրառեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ի՞նչ ռազմական սցենարով  կզարգանան իրադարձությունները և ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա պատերազմը: Այս հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

 

«Դատելով այն հանգամանքից, որ քաղաքակիրթ աշխարհը շատ «մարդասեր» է, ես կարծում եմ, որ այդ կոշտ լծակները լինելու են որոշակի սահմանափակումներ, տնտեսական պատժամիջոցներ, այնպես որ՝ ակնկալել, որ լուրջ քայլ ԵԱՀԿ-ի կամ միջազգային որևէ կառույցի կողմից, անիմաստ է. առավելագույնս կարող է հայտարարություն լինել` հերթապահ հայտարարություններ,- ասում է ռազմական փորձագետը, ապա մանրամասնում.- Միգուցե որոշակի ապրանքատեսակի վրա տնտեսական սահմանափակումներ մտցնեն, քանի որ դրա փորձը կա: Գիտենք` աշխարհում կիրառվել է, որ պատերազմող երկրներից մեկի նկատմամբ իրականացրել են տնտեսական պատժամիջոցներ՝ փորձելով սահմանափակել զենք գնելու հնարավորությունները: Այնպես որ վստահ չեմ, որ լինելու է կոշտ արձագանք, որը կազդի ռազմական իրավիճակի վրա»: 

 

Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով առաջիկա Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշում է, որ անցած երկու հրադադարի դեպքում, թերահավատորեն է մոտեցել, որ կպահպանվի հրադադարը: «Այս դեպքում, եթե հաջողվի առաջին դեմքերի մակարդակով գնալ հրադադարի կամ զինադադարի, կարծում եմ, որոշակի առաջընթաց կարող ենք ակնկալել: Բայց պետք է ասեմ, որ այդ դեպքում շատ վատ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանի իշխանությունը իր հասարակությանը արդեն  ասել է, որ ամբողջովին «ազատագրել» է Ղարաբաղը,- նշում է ռազմական փորձագետ Հովհաննիսյանը։ Նա դիվանագիտական առումով  զարգացումներ չի կանխատեսում, բայց ռազմական առումով ամեն բան պարզ է.- Ռազմավարական առումով միանշանակ գործողությունները շարունակվելու են անգամ՝ եթե հայտարարվի հրադադար կամ զինադադար, որովհետև այլևս այդ գործողությունները ոչ միայն լայնածավալ ճակատային են, այլ նաև պարտիզանական են: Իսկ պարտիզանական գործողությունները ենթադրում են երկարաժամկետ ռազմական գործողություններ»: 

 

Ռազմական փորձագետը  պատերազմի ավարտը չի տեսնում, քանի դեռ Արցախի ինքնորոշման հարցը չի լուծվել:

 

«Այն աշխարհագրական տարածքները, որտեղ ընթանում են մարտերը, և առկա իրավիճակը ինձ թույլ են տալիս ենթադրել, որ այդ գործողությունները չեն դադարելու: Մի այնպիսի փուլում են ռազմական գործողությունները, որ ոչ բարենպաստ են Ադրբեջանի և ոչ էլ Հայաստանի համար: Եթե ադրբեջանական  ահաբեկչական խմբավորումը որևէ տեղ հաջողություն է ունեցել, ապա զինադադարի դեպքում, ահաբեկիչները պարզապես այդ տեղում չեն կարող մնալ, քանի որ մարտավարական առումով շատ անբարենպաստ  վայր է,- պարզաբանում է մասնագետը, ապա հստակ ձևակերպում.- Արցախի ինքնորոշումը և Արցախի ճանաչումը միակ տարբերակն է, որ կարող է հարցի լուծում տալ»: 

 

Հայկ Մագոյան

2475