Փողերի լվացման մեջ մեղադրվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու բողոքը քննող դատավոր Սերգեյ Մարաբյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրեական դատավարական օրենսգրքի մի շարք նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն ու հավելեց․ «Որոշումը դեռ չենք ստացել, չգիտենք ինչ նորմերի մասին է խոսքը, բայց երեկ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց դատավորը»։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 10-ին, Սերգեյ Մարաբյանը պետք է որոշում կայացներ՝ վերացնու՞մ է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառված կալանքը, թե՞ խափանման միջոցը թողնում է անփոփոխ։

Մարաբյանը վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն է իրականացնում:

Դատավորի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ բոլոր դատալսումները հետաձգվել են մինչև Սահմանադրական դատարանի որոշումն ստանալը։ 

Թե որ նորմերի մասին է խոսքը՝ դատավորի աշխատակազմից ասացին, որ տեղեկատվությունը գաղտնի է, իսկ Սահմանադրական դատարանից էլ փոխանցեցին, որ դատավորի դիմումը դեռևս չեն ստացել։

705