Շոգի պատճառով անտառային հրդեհները մոլեգնում են Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում: Երկարատև երաշտը և 40°C-ից բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ են ստեղծում հրդեհի տարածման համար, գրում է Euronews-ը։

Հրշեջներին չի հաջողվել կասեցնել անտառային հրդեհների առաջխաղացումը դեպի կենտրոնական Հունաստանի ռազմական օբյեկտներ:

Էգեյան ծովի ափերի մոտ ուժգին պայթյուններ են լսվել Հունաստանի ռազմաօդային ուժերի Վոլոս բազայի տարածքում, որը հայտնվել է կրակի մեջ։ Անտառային հրդեհների հետևանքով այստեղ ոչնչացվել են զինամթերքի պահեստներ։ Անձնակազմը և F-16 ինքնաթիռները նախապես տեղափոխվել են այլ բազա։ Հրշեջները հայտարարում են 12 բնակավայրի տարհանման մասին։ Պաշտոնական տվյալներով՝ զինամթերքի պայթյունից լուրջ վնասներ չկան։

Վոլոս քաղաքի տարածքում բռնկված հրդեհը համարվում է 124 անտառային հրդեհներից ամենավտանգավորներից մեկը: Հրդեհներից Հունաստանում տուժում են նաև այն շրջանները, որոնք կախված են զբոսաշրջությունից:

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իտալիայի Սիցիլիա կղզու մի քանի շրջանում։ Առավել տուժել է Պալերմոն:

Քաղաքի օդանավակայանը վերաբացվել է շաբաթվա սկզբին կարճատև փակումից հետո, սակայն հասարակական տրանսպորտի, ներառյալ ավտոբուսների ու գնացքների աշխատանքը, դեռևս խափանված է:

460