«Հայաստանի Հանրապետությունում ամեն ժամը մեկ անալիզ է կեղծվում, ժամը մեկ` բոլոր կլինիկաներում», - այս մասին ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտարարել էր «Լիկամեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանը, որի կլինիկայում կեղծ հետազոտություններ են իրականացվել և վերջինս ՀՀ Քննչական կոմիտեում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ու ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանի հաղորդմամբ՝ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ Լիլիա Կարապետյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը, «Հրազդան» ԲԿ-ում աշխատակիցներ է հրամանագրել և նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով, չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով և ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով և այլ եղանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 14.810.000 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Հիշեցնենք, որ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ «Լիկամեդ» ընտանեկան բժշկության կենտրոնում կեղծ լաբորատոր հետազոտություններ են կատարվել և գրվել անօրինական կեղծ պատասխաններ առանց արյան անալիզների։

Իսկ Կարապետյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ դա այն թեման չէ, որի մասին պետք է ահազանգել․ «Հայաստանի Հանրապետությունում ամեն ժամը մեկ անալիզ է կեղծվում, ժամը մեկ` բոլոր կլինիկաներում: Ես չգիտեմ, թե ինչու են հիմա այս դեպքը շոու սարքել»։ Նա նաև հայտնել էր, թե կեղծ հետազոտություն իրականացրած անձը հեռացվել է աշխատանքից, ինչը հերքել էր այդ մասին բարձրաձայնած քաղաքացի Հասմիկ Սահակյանը։

Ընդգծենք, որ Araratnews.am-ը հետեւողական է լինելու քրեական վարույթի ընթացքին և հետևելու է դրա զարգացումներին։ Առաջիկայում նոր հրապարակումներով կանդրադառնանք Լիլիա Կարապետյանին առնչվող քրգործին։

3485