Հյուսիսկորեացի հաքերները անցյալ տարի առնվազն 5 ամսով կոտրել են Ռուսաստանում բալիստիկ, թևավոր և հիպերձայնային հրթիռների խոշորագույն արտադրողի համակարգչային ցանցերը, - հաղորդում է Reuters գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի կառավարության հետ կապված էլիտար կիբեռլրտեսական խմբերը, որոնց անվանում են «Starcraft» և «Lazarus», գաղտնի թվային մուտքեր են տեղադրել մերձմոսկովյան Ռեուտովում տեղակայված հրթիռային կոնստրուկտորական բյուրոյի՝ «Машиностроение»-ի համակարգերում:
Ամերիկյան Sentinel One ընկերության հետազոտող Թոմ Հեգելի խոսքով՝ կիբերմասնագետները ներթափանցել են ձեռնարկության ՏՏ-միջավայր, նրանք կարողացել են կարդալ փոստային նամակագրությունը, անցնել մի ցանցից մյուսը և տվյալներ կորզել:
Նշվում է, որ հաքերները կորպորացիայի ցանցում հասանելիություն են ունեցել 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի մայիսը։