Ամենայն հավանականությամբ Հայկ Մարությանը հոգեբանորեն ոչ մի կերպ չի կարողանում քաղաքական Օլիմպից վերադառնալ իր նախկին ամպլուային և այլևս իրեն բացի քաղաքապետի կարգավիճակից ոչ մի այլ կարգավիճակում չի պատկերացնում։ Թերևս այդ է պատճառը, որ նրան հաճոյանալու համար թիմակիցները Մարությանին դիմում են բացառապես «քաղաքապետ» «տիտղոսով»։ Նա էլ նույնիսկ չի փորձում դրան առարկել։

Սակայն «քաղաքպետին» առերևույթ հաճոյանալով՝ Մարությանի թիմակիցները լուրջ ներքին դժգոհություններ ունեն նրանից և նախընտրական շտաբի ղեկավարությունից։ Բանն այն է, որ Մարությանը, նախկինից դասեր չքաղելով, ներկայումս էլ շարունակում է «միայնակ գայլի» իր գործելաոճը, բացարձակապես արհամարհելով թիմակիցներին, նրանց տեղյակ չպահելով նախընտրական մարտավարության, գործողությունների մասին։

Բանը հասել է նրան, որ ավագանու ցուցակի անդամները վերջին պահին են պարզել, որ նրանցից ոչ մեկը ընդգրկված չի նախընտրական հոլովակներում կամ ֆոտոներում, ամենուրեք միայն Հայկ Մարությանն է։ Ընդ որում, վերջինս նույնիսկ չի բարեհաճել այդ հարցերը քննարկել թիմակիցների հետ, լսել այս առնչությամբ նրանց կարծիքը, ինչը, անշուշտ, դժգոհություն է առաջացրել վերջիններիս մոտ։

Բացի այդ, Մարությանը գրեթե չի այցելում շտաբ, չի զբաղվում նախընտրական հարցերով, ինչի պատճառով նրա թիմը հանրությանը դեռ չի ներկայացրել նախընտրական ծրագիրը, նույնիսկ դեռ չեն տպվել թռուցիկներն ու պլակատները։
Բայց այդ ամենը Մարությանին չի էլ մտահոգում, ըստ ամենայնի, նա մնացել է «աստեղային տենդի» տակ, նրա կարծիքով՝ ժողովուրդը զուտ միայն իր նկարները տեսնելով, իր անունը կարդալով կգնա ու իր քվեն կտա իր օգտին։ Այդ է պատճառը, որ Մարությանը մերժում է լրատվամիջոցների հրավերները, նրա թիմը հրաժարվում է աշխատել ԶԼՄ-երի հետ։ Մարությանը բոլորին հայտարարել է, որ միայն սեպտեմբերից կսկսի երևալ «երկնակամարում», որ իր նման «աստղի» համար դա էլ է բավարար, անիմաստ ռեսուրս ու ուժ չի պատրաստվում վատնել։

Աղբյուրը՝ medianews.site

1275