
Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի դրույթները, հստակեցվում են զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբնեց, թե ինչ է նշանակում կամավոր և պարտադիր: «Իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով վեց ամսվա ժամկետային ծառայության որոշում կայացնել և այդ որոշումը փաստաթղթավորել, բայց զորակոչվելուց հետո վեց ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր: Ժամկետային զինծառայություն անցած կանայք ծառայության վերջում կստանան մեկ միլիոնի դրամական բավարարում»,- ասաց նա:
Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս նախագծով փորձում են երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը Զինված ուժերում բարձրացնել, գործունեության նոր ոլորտ ստեղծել:
Ի դեպ, վարչապետն ասաց, որ կանայք ծառայությունից հետո կարող են պայմանագրային ծառայության անցնել: Նա նշեց, որ բանակում չկա կին կամ տղամարդ, կա զինվորական: