ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով  հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին:

Այս համատեքստում  քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը արձանագրել է, որ երկու ամիս առաջ  Ժան-Լուի Բուրլանժի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել:

Ալեն Սիմոնյանը խնդրի  կարգավորման հարցում շեշտել է քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով առաջին հերթին Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եւ պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը: «Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ  դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից:

868