Նախ սահմանում ենք հատուկ վտանգավոր բեռներ հասկացությունը եւ դրանց նկատմամբ փոխադրման պահանջները: Խոսքը վերաբերում է թե վարորդներին, որոնք վտանգավոր բեռների փոխադրման մեջ ներգրավված կլինեն, թե այն կազմակերպություններին, որոնք այդ փոխադրումների կազմակերպման մեջ են ներգրավված. նրանք պետք է ունենան համապատասխան մասնագիտական գիտելիքներ: Այդ մասնագիտական գիտելիքները ստանալու կամ վերապատրաստվելու համար լիցենզավորման մասին օրենքում համապատասխան գործունեության տեսակ եւս սահմանել ենք։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝  ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթները:

Սիմոնյանի խոսքով՝ կազմակերպությունները պետք է ունենան նաեւ անվտանգության գծով պատասխանատու անձ, որը այդ փոխադրումների կազմակերպման հարցում ներգրավված կլինի:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նկատում է` փոփոխությունները բխում են վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայանգիրը ՀՀ-ի կողմից 2022 թ.-ին վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ անելու պահանջներից: Ուստի այս լրացումներով կանոնակարգում են այն բացերը, որոնք ներպետական օրենսդրության մեջ ներդրված չէին:

 

412