ԱՀ պետական համակարգում աշխատող պաշտոնյան պետք է լինի կարգապահ, աշխատանքային կոլեկտիվում ստեղծի նորմալ մթնոլորտ, ենթակաների նկատմամբ ցուցաբերի բարյացակամ և մարդկային վերաբերմունք:
Ինչպես փոխանցում է «Արցախպրես»-ը, այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հաճախակի են տարբեր կոլեկտիվներից դժգոհություններ ստացվում, ինչն էլ պատճառ է դարձել նման հորդոր հնչեցնելու:
Նախագահն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել շրջվարչակազմերի ղեկավարների պահվածքին ևս:
«Այն պաշտոնյան, որը չպահպանի նշված սկզբունքները, կարճ ժամկետում կլինի աշխատանքից շազատման որոշման հրաման, կամ էլ իր դիմումի համաձայն կթողնի աշխատանքը: Բոլորի աշխատանքը մանրադիտակի տակ է՝ ոչ միայն իմ, այլև ժողովրդի կողմից: Բոլոր խախտումների կամ ոչ բավարար վերաբերմունքի առումով միանգամից արձագանք ենք ստանում»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ միասին պետք է կյանքի կոչեն այն հավակնոտ ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն է տալու շեշտակի բարելավելու երկրի սոցիալական վիճակը, ինչպես նաև ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, որոնք էլ նպաստելու են տնտեսության ակտիվ աճին:
Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 2-ին իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանդես կգա հաշվետվությամբ: