Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից իրազեկում են, որ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով և յութուբյան ալիքով:
«Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից:
Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր և լուսանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ: