Ես լսել եմ այն մասին, որ ասվել է՝ ԼՂ-ի բյուջեն սառեցված է: Ես ինքս չեմ հասկանում բյուջեն սառեցնելը, որովհետև մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, որ մի հատ էլ դա սառեցնենք. մենք ունենք գումարներ, որը տրամադրում ենք իրենց: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այդ գումարների գերակշիռ մասը, որն այս տավա համար նախատեսված է, արդեն տրամադրվել է ԼՂ-ին: Մինչև սեպտեմբեր մենք արդեն տրամադրել էինք ամբողջ գումարի մի զգալի մասը: Եթե ես ճիշտ եմ թիվը հիշում, մենք ընդամենը 6 մլրդ դրամ ունենք, որ չէինք հասցրել տրամադրել: Ես չեմ զբաղվում, մենք չենք զբաղվել դրամական հոսքերի պլանավորմամբ. մեր գործընկերները ԼՂ ֆինանսների նախարարությունից իրենք են տնօրինել այդ գումարը, իրենք են որոշել՝ երբ, որքան այդ գումարից կվերցնեն և կծախսեն որոշ հարցերի վրա»,- նշեց նախարարը:

Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ԼՂ-ին տրամադրվել է ավելի շատ գումար, քան պետք է վերցնեին տարվա սկզբում: «Սկզբնական շրջանում գումարը բաշխված էր համամասնորեն, և պետք է ամեն ամիս վճարվեր 10 մլրդ-ի կարգի գումար, բայց ստացվում է, որ մնացել է երեք ամսվա համար շատ քիչ քանակի գումար, ինչի պատճառը նաև այն է, որ մեր գործընկերները, հաշվի առնելով այն ծայրահեղ կարիքները, որոնք առաջացել են ԼՂ-ում տարվա սկզբում, ցանկացել են ավելի շուտ ստանալ»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ 6 մլրդ-ը չհատկացնելու որոշում չկա: «Մենք արդեն վճարում ենք փախստական դարձած անձանց ավելին, քան այդ 6 միլիարդն է: Մենք 30 մլրդ դրամից ավելի գումար ենք հատկացրել այդ մարդկանց և էլի հատկացնելու ենք»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը:

1153