Մեծ Յոթնյակի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման կապակցությամբ:
Այս մասին նշված է «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով։
Հայտարարության մասին գրում է tass-ը:
«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներից։ Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք ստիպողաբար իրենց տներից հեռացած մարդկանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ G7-ն աջակցում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերին՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։