Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, եթե Ադրբեջանը արկեր է նետել նաև Մեղրի ուղղությամբ: Հարցին ի պատասխան՝ այսօր Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունը հարավն էր: Մեղրիի խնդիրը, երբ դարձավ բանակցային թեմա Ռոբերտ Քոչարյանի կողմից, պարզ դարձավ՝ պետք է լինենք այդտեղ շատ ամուր: Մեղրիի երկաթգծի, Օրդուբադի եւ Զանգելանի հատվածների կամուրջների պայթեցումներով 1990-ականներին փորձեցինք կանխել հնարավոր ներթափանցումները: Բայց այսօր պարզվեց, որ Մեղրիի երկաթգծի հանելը, քանդելը մեծ վնաս է հասցրել  Հայաստանի կոմունիկացիոն համակարգին»: 

Նա հիշեցրեց՝ այդ թեմայով լրագրողական հետաքննություն է անգամ եղել: «Կգա ժամանակ, երբ կանդրադառնանք՝ ինչու ոչնչացվեց Մեղրիի երկաթգծի համակարգը, որի պատճառով հակառակորդն արագ է հասնում հարավային մատույցներին»,- համոզված է Անդրանիկ Քոչարյանը: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գուցե դրա անհրաժեշտությունը չլինի, քանի որ Մեղրիում սահմանապահ զորքեր են տեղակայված: «Եթե նկատելի թիրախային հարվածներ լինեն Ադրբեջանի կողմից, նոր կառաջանա այդ խնդիրը»,- ասաց  պատգամավորը: 

Տեղեկացնենք, որ 2018 թ-ին հարուցվել է քրեական գործ՝  2010-2011 թթ-ին Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու հիման վրա: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Ադրբեջանը երեք անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին, 18-ի, 26-ին ձեռք բերված  հումանիտար հրադադարը: Ադրբեջանը թիրախավորում է լրագրողներին, խաղաղ բնակչությանը,  ծննդատունը, մշակութային կառույցներն անթույլատրելի զինատեսակներով: 

2671