Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կիրակի օրը տեղի է ունեցել «Իլյան» գրքի շնորհանդեսն ու հուշ-ցերեկույթ։ Գրքի հերոսը երեք տարի առաջ նույն օրը ղարաբաղյան երրորդ պատերազմում  անմահացած արցախցի  Իլյա Հակոբյանն է։

«Իլյան» գրքում քրոջ` Հասմիկ Հակոբյանի տողերն են, ԶԼՄ-ներում Իլյայի մասին պատմող նյութերը,  բանաստեղծություններ և հուշագրություններ։

Գիրքը սկսում է հեղինակի՝ Իլյայի քրոջ տողերով. «Դու հաղթեցիր Շուշիում, ես պարտվեցի Քո Շուշիում։ Շուշին մնաց Քոնը, Դու` Շուշիինը։ Եվ միայն ես մնացի մենակ` Քեզնից ու Քո Շուշիից այդքան հեռացած»։

«2022 թվականի դեկտեմբերի 13-ին ես պետք է Արցախ մեկնեի։ Ծնողներս, հարազատներս այնտեղ էին։ Դեկտեմբերի 12-ին փակվեց Արցախի ճանապարհը։ Ամիսներ շարունակ իրերս չեմ դատարկել ճամպրուկից, որովհետև հավատում էի, որ տուն եմ գնալու` իմ տուն, Իլյայի տուն։ Ծնողներս Արցախում էին, ես Հրազդանում մենակ էի մնացել։ Մայրս ինն ամիս շարունակ որդու շիրմաքարը գրկելու կարոտով է ապրել, դիմացել, որովհետև հավատում էր հաղթանակի հավատին»,- ողջույնի իր խոսքում նշել է Հասմիկ Հակոբյանը։

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, համագյուղացիները, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների մայրերն ու հարազատները, զինվորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ 

Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով և հերոսի մասին պատմող տեսանյութով։

556