Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը վստահություն է  հայտնել, որ վերջինիս այցելությունը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացմանը և միջպետական կապերի ամրապնդմանը։

Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ այն իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվել է բռնի տեղահանության, ներկայացրել է երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները։

Իր հերթին Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրել է, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նախագահն անդրադարձ է կատարել Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին:

Այս առիթով Իրաքի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։ Վերջինս հաստատել է նաև, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։

Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն Հայոց Հայրապետին հրավեր է ուղղել այցելելու Իրաք։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը։

367