«Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ 2020թ.-ի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր` ՀՀ-ի եւ ՌԴ-ի կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին: Պայմանագրով կարգավորվում են մեր հարաբերությունները՝ ՀՀ-ում ռուսական եւ ՌԴ-ում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ, եւ այնտեղ կա շատ հստակ կարգավորում` երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն»,- պատասխանելով քաղաքացու հարցին, թե երբ է արգելվելու ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ում հեռարձակելը, պարզաբանեց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց` պետական ինստիտուտները, հեռուստատեսային հեռարձակման հանձնաժողովները եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հատկապես վերջին ամիսներին, արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք պետական ինստիտուտների կարծիքով խախտում են նշված պայմանագրերը:
«Հաշվի առնելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի քննարկենք այս իրադրությունը եւ հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ խոսակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ, որպեսզի հարցը կարողանան աշխատանքային ու բարեկամական մթնոլորտում կարգավորել:
Մանրամասները` տեսանյութում: