Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից) ռազմական թիրախ չկա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք Գյանջայում ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից խաթարում է Հայաստանի՝ իր ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումը: «Ոչ: Որովհետև հարցն այն է, թե ինչու է Գյանջան հրթիռակոծվել: Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել»,- ասել է վարչապետը:

 

Հարցին՝ արդյոք, պատասխանելով նույնկերպ, չեք թուլացնում Ձեր դիրքորոշումները միջազգային հանրության առաջ, Փաշինյանը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին: Գուցե այդ ռազմական թիրախների հետ տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բայց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից – հեղինակի կողմից) ռազմական թիրախ չկա»:

182