Գլխավոր Լուրեր Թող ոչ մի երիտասարդ այլեւս չզոհվի. զինվորի մայր (լուսանկարներ)

Թող ոչ մի երիտասարդ այլեւս չզոհվի. զինվորի մայր (լուսանկարներ)

40
0

Այսօր ապրիլի 2-ն է՝ ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ  տարելիցը: Ավելի քան հարյուր հայորդիներ իրենց կյանքը  նվիրեցին հանուն հայրենիքի: Նրանցից մեկը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից Ազատ Սիմոնյանն էր: Որդու մահից հետո, սակայն,  ընտանիքը համալրվեց եւս մեկ արու զավակով՝ Արթուր Սիմոնյանով: «Աստված Ազատիս ինձ տվեց»,- ասել էր Ազատի մայրը՝ տիկին Վեհանուշը:

Ազատ Սիմոնյանի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանը, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝  տարեցտարի   որդու կարոտն ավելի է խորանում: «Արթուրը չի կարող Ազատի բացը լրացնել»,- ասաց  զինվորի հայրը:

Թեեւ Ազատ Սիմոնյանը ֆիզիկապես չկա, բայց գիշեր-ցերեկ  հոր մտքում, հոգում եւ սրտում է:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ամենամեծ դասը,  Քաջիկ Սիմոնյանի խոսքով, խաղաղության արժեւորումն է: «Թող ոչ մի երիտասարդ այլեւս չզոհվի»,- ասաց զինվորի հայրը:

Ազատ Սիմոնյան

Ապրիլյան պատերազմի զոհված զինվորներից է Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից  Արտյոմ Վարդերեսյանը: Նրա ընտանիքին էլ պատերազմից հետո նորից կյանքով լցվեց: Ծնվեց կրտսեր Արտյոմը: Զինվորի մայրը՝ տիկին Արմինեն, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ որդին մեկ տարի 7 ամսական է, բայց արդեն գիտի հերոս եղբոր մասին: «Առավոտյան արթնանում է, գնում է եղբոր անկյունի մոտ, համբուրում է լուսանկարները, եղբոր հետ խոսում»,- անկեղծացավ զինվորի մայրը:

Տիկին Արմինեն խոստովանում է՝ ոչինչ չի կարող լրացնել իր մեծ որդու՝ Արտյոմի բացը, չնայած կրտսեր որդին շատ է նման եղբորը՝ դիմագծերով, բնավորությամբ:

Ապրիլյան պատերազմի հերոսները, ըստ տիկին Արմինեի, ցույց տվեցին՝ անվախ են, քաջ, հայրենասեր, պայքարել են մինչեւ վերջ հանուն հայրենիքի:

Արմինեն կցանկանար, որ իշխանությունը հոգատար վերաբերմունք ցույց տար  զինվորների ընտանիքներին, քանի որ ծնողներին դա է միայն սփոփում:

Արտյոմ վարդերեսյան

Սոնա Դավթյան