Գլխավոր Բլոգ Թորոսյանի արձագանքը գարդասիլի մասին պատգամավորի հայտարարությանը

Թորոսյանի արձագանքը գարդասիլի մասին պատգամավորի հայտարարությանը

10
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ելույթին, որում նա հայտարարել էր, որ  հրաժարվել է իր երեխային գարդասիլով պատվաստել։

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթի տեղեկացնում եմ, որ առնվազն վերջին մեկ տարում բազմիցս ներկայացվել են ավելի քան բավարար ապացույցներ ՄՊՎ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ կյանքեր փրկող բժշկական միջամտության հանդեպ անհիմն ու անհեթեթ մեղադրանքների ձայնը կլռի: 

Ինչ վերաբերում է սեփական քաղաքացիների առողջության նկատմամբ պետական հոգածության մասին հարցին, ապա անկեղծ ասած զարմացած եմ ԱԺ պատգամավորի կողմից նման հարցադրմանը։ Միգուցե՞ ֆեյսբուքյան տարատեսակ խմբերի մոդերատորները պետք է անհանգստանան տարեկան մոտ 120 մահացող կանանց կյանքերի մասին:

Մի հարցադրում էլ ես անեմ ԱԺ պատգամավորին։ Արդյո՞ք հակապատվաստումային նման հայտարարություններ անելով, փաստերը խեղաթյուրելով, սխալ և անընդունելի շեշտադրումներ անելով՝ նա ինքը չի նպաստում մեր կարևոր կանխարգելիչ այս միջոցառման տապալմանը։ Լավ կլինի, գոնե ներքուստ ցանկացած ոք պատասխան տա այս հարցին:

Կա գիտություն և մնացածը։ Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնացող ցանկացած ոք պետք է գիտակցի իր քայլերի կործանարար հետևանքները:

Հակապատվաստումային ցանկացած խոսք արժանանալու է կոշտ ու հաստատակամ պատասխանի՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից»: