Գլխավոր Լուրեր Վիլնյուսում Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Վիլնյուսում Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

24
0

Վիլնյուսի «Սբ. Հովհաննես» եկեղեցում տեղի է ունեցել «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին, որը նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության և GK կլինիկայի աջակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է «Գյուրջիև» համույթի անցած ստեղծագործական ուղին և համաշխարհային երաժշտարվեստում ունեցած ձեռքբերումները:

Անդրադառնալով միջոցառման խորհրդին՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ համերգը նվիրված է հայոց ազգային երաժշտագիտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում:

Տիգրան Մկրտչյանը նշել է, որ Կոմիտասին նվիրված միջոցառումներ դեսպանությունը կազմակերպելու է ամբողջ տարվա ընթացքում, և այս համերգներով տրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը, GK կլինիկային և մյուս գործընկեներին համերգի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը:

Համույթի վիլնյուսյան համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Գեորգի Գյուրջիևի և այլոց ստեղծագործություններ, և ներկա ավելի քան 600 հանդիսականների կողմից արժանացել է ջերմ ընդունելության ու բարձր գնահատանքի: Ընդհանուր առմամբ, Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Գյուրջիև» համույթը բալթյան երեք երկրներում հանդես կգա 7 համերգային ծրագրերով: