Գլխավոր Լուրեր Ովքե՞ր կարող են նոր սերնդի ՀԴՄ-ներն ստանալ 60 000 դրամով

Ովքե՞ր կարող են նոր սերնդի ՀԴՄ-ներն ստանալ 60 000 դրամով

16
0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է այն սուբյեկտների ցանկը, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին է սահմանվել 60 հազար դրամը։ Այս մասին  տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել`

1) 60000 դրամ`

ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար,

2) 160000 դրամ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 05.02.2019 թվականը ներկայացված առցանց հայտերը ենթակա են մերժման: Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացված դիմումի ձևին կից (դիմում` հաշվեհամարովդիմում` տարանցիկ հաշվեհամարով) անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները»:

ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ-ների նոր գին սահմանելու մասին «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ փետրվարի 6-ին հայտնել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո: «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, եւ քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»: