Գլխավոր Իրավական Վրաստանը ՀՀ-ին է հանձնել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու...

Վրաստանը ՀՀ-ին է հանձնել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու անձանց

11
0

Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին և Ա. Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի տեղափոխումը:

Այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Նշված հանցագործությունը կատարելու համար սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ա. Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին և Ռ. Խաչատրյանին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2017թ. սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության կողմից Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել: Իսկ մյուս երկու հետախուզվողները՝ Ա. Բլբուլյանը և Ա. Կարադավիդովը 2017թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վրացական կողմին միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրանց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ: