Գլխավոր Լուրեր Ես չեմ կարող բանակցել ԼՂ անունից

Ես չեմ կարող բանակցել ԼՂ անունից

12
0

Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո  համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մասնավորապես նշեց՝ չենք կարող մեծ հույսեր ունենալ, որ արցախյան հակամարտության հարցով բանակցային գործընթացը առաջ կշարժվի,  քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանից։

«Իհարկե, Հայաստանի  Հանրապետություն նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը։ Ուզում եմ արձանագրել, որ մեր քննարկումների ժամանակ հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի  անունից։ Պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցել, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, կառավարությունը։ Եվ Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության բուն կարգավորմանը և միջազգային հանրության դերակատարությանն այդ հարցում, Փաշինյանն ընդգծեց․ «Համանախագահները և բանակցող կողմերը արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ գտնվող երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտող երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը։ Կարող է ընդամենը որոշակի հարթակ ստեղծել»։

Փաշինյանը նաև նշեց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խոսել են տարածաշրջանային իրավիճակի և միջազգային օրակարգի մասին:

«Ունենք փոխադարձ ըմբռնում: Տարածաշրջանում կայունության, խաղաղության հարցերը կարևոր են, դրանք պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք: Խոսել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի մասին: Արձանագրվել է, որ գործընթացը չի կարող տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ: Ես բավարարված եմ մեր քննարկումներից, բանակցություններից: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացման համար խոչընդոտներ չկան, կա հետաքրքրություն դրանց նոր թափ հաղորդելու համար»,- հավելեց վարչապետը: