
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Կրթությունն ազատ և արժանապատիվ հասարակություն կառուցելու հիմնական գրավականն է:
Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նշանավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլև առիթ է՝ վերարժևորելու կրթության դերը մեր հասարակության զարգացման գործում: Այս օրը նոր սպասումների, ծրագրերի, գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկզիբն է։
Գիտելիքն այն հզոր ուժն է, որն օգնում է կառուցել ամուր և բարեկեցիկ ապագա։ Որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորված կլինի յուրաքանչյուրի արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ապահովել նաև այդ իրավունքների իրացման համար անհրաժեշտ կառուցակարգեր:
Կրթության ոլորտի նվիրյալների առաքելությունն այս գործընթացում առանձնահատուկ կարևորություն ունի:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնային եմ համարում յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի՝ ազատ, ապահով և ներառականությունը երաշխավորող որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման մեթոդաբանության կատարելագործմանն ու իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ իրականացվող ջանքերին։
Առանձնահատուկ կարևորում եմ նաև մարդու իրավունքների կրթության լուրջ բարեփոխումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում գիտելիքով և ոգեշնչմամբ լի, ապահով ու հաջողակ ուսումնական տարի»: