Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսեւորման ձեւերը: Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է Ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունը կանխելիս եւ խափանելիս, այլ նաեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս իրավասություն է վերապահվում աջակցելու զինկոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում եւ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հարցը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը կամ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել վարժական հավաքների կազմակերպմանը, գործընթացի բարելավմանը, քաղաքացիներին ծանուցելու եղանակներին, զինկոմիսարիատներում էլեկտրոնային ծանուցման հնարավորություններին:

Կարեւորելով 25-օրյա վարժական հավաքների անցկացումը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է այս գործընթացում առկա խնդիրների ու դրանց լուծման կարեւորության մասին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

209