Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կից ձևավորված խորհրդակցական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հանդիպումը նախագահել է ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։

Տեսչական մարմնից հայտնում են՝ նիստի առանցքային թեմաներից մեկը ՀՀ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից հաստատված թվայնացման հայեցակարգի ներկայացումն էր։ Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծել է, որ թվային վերափոխումը ոչ միայն տեխնիկական գործընթաց է, այլև վերահսկողական գործառույթների թափանցիկության և արդյունավետության բարձրացման ռազմավարական գործիք։

Կառուցողական քննարկման ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ուղղված ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։ Շեշտադրվել է տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգերի կարևորությունը, որոնք թույլ կտան առավել օպերատիվ արձագանքել բնապահպանական մարտահրավերներին։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է կենսաբազմազանությանը նվիրված COP17 միջազգային համաժողովին Տեսչական մարմնի մասնակցությանը։ Քննարկվել են համաժողովի շրջանակներում ԲԸՏՄ ներկայացվածության ձևաչափը և աշխատանքային խմբի անդամների ներգրավվածության և ակտիվ մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով նիստը՝ ԲԸՏՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդակցական խմբի անդամներին ակտիվ մասնակցության և մասնագիտական դիտարկումների համար՝ հավաստիացնելով, որ հնչեցված բոլոր կառուցողական առաջարկները հաշվի կառնվեն գործընթացների հետագա կազմակերպման փուլում։

50