Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) նախագահ Փիթեր Է. Հ. Շվարցին և ֆեդերացիայի փոխնախագահ Ջեքի Քասուֆ Մալուֆին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելման, վաղ ախտորոշման, հիվանդության կառավարման և բուժման հասանելիության բարելավմանն ուղղված հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երեխաների շրջանում շաքարային դիաբետի կառավարման ծրագրերին, ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանը և բուժաշխատողների ու հանրության իրազեկվածության բարձրացմանը։

Դիաբետի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանում այս ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Կողմերը կարևորել են միջազգային փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը՝ Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելման և կառավարման առավել արդյունավետ ու կայուն մոդելների ձևավորման նպատակով։

Անահիտ Ավանեսյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ դիաբետի դեմ պայքարը պահանջում է համակարգային մոտեցում, կանխարգելիչ ծրագրերի զարգացում և տարբեր ոլորտների համատեղ ներգրավում։

126