Ադրբեջանը մոտ երեք տարի սպասել է, որ Հայաստանը կատարի Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովման իր պարտավորությունները, և պատրաստ է դիտարկել Կալինինգրադի նման մոդելներ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Բաքուն հրավիրել է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ կիսվելու իր փորձով և չափանիշներով։ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն աշխատում է նաև այլընտրանքային լուծումների վրա, ավելացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը տարեկան մինչև 5 մլն տոննա, ինչպես նաև Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի կառուցում դեպի Նախիջևան:

«Երևանն այս դեպքում դուրս կմնա տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից, և դրա պատճառը միայն նրա քաղաքականությունն է: Թույլ տվեք նաև հստակեցնել, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանի տարածքով երթուղու հնարավորությունն այլևս չի դիտարկվի: Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ։ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա»,- նշել է Ալիևի խորհրդականը։

Չնայած հաղորդակցությունների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության ճանաչման մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին` Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ, ըստ Բաքվի, Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնող հաղորդակցությունների վրա հայկական կողմը սահմանային և մաքսային հսկողություն չպետք է իրականացնի։

732