Այս տարվա կեսից թղթային դեղատոմսեր այլևս չեն կիրառվի, նախարարությունն անցնում է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին։ Այս մասին այսօր  ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա ներկայացմամբ՝ 2023-ին միայն պետական կենտրոնացված գնումներով դեղերն են անցել էլեկտրոնային դեղատոմսերի․ «Այս տարի գործընթացը կշարունակվի, տարվա ընթացքում ընդհանրապես թղթային դեղատոմսերը շրջանառումից դուրս կգան»։

Ըստ նախարարի՝ քաղաքացու՝ էլեկտրոնային գործիքների հասանելիության խնդիր չկա․ բժիշկը դեղատոմսը դուրս է գրելու էլեկտրոնային ձևաչափով, դեղատները միացած են համակարգին, քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է գնա դեղատուն, դեղատունը հասանելիություն է ստանում էլեկտրոնային դեղատոմսին ու բաց է թողնում դեղը․ «Քաղաքացին հավելյալ գործողությունների կարիք չունի»։

Ավանեսյանը նշեց, որ բոլոր դեղատները միացել են համակարգին. «Հիմա փորձարարական ձևով դուրս ենք գրում դեղատոմսերը, մի քանի ամսվա ընթացքում ամփոփելով գործընթացն ու վստահ լինելով, որ այն հստակ է աշխատում՝ տարվա կեսից կանցնենք լրիվ էլեկտրոնային դեղատոմսերի»։

 

549