![](https://araratnews.am/admin/images/1706013436.jpg)
Այսօր, ցավոք սրտի, մենք չունենք գործիքակազմ՝ հետևելու կամ հավաստի կերպով տեղեկանալու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, թե մինչ այս ինչպիսին է եղել Ադրբեջանի վարքագիծը մեր մշակութային ժառանգության նկատմամբ։
Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: «Այստեղ շոշափելի և էական անելիք ունի անելու նաև միջազգային հանրությունը, առնվազն այն պատճառով, որ հայկական մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր բաղկացուցիչ է»,- նշեց նա:
Արարատ Միրզոյանն ասաց, որ վերջին շրջանում միջնորդական ջանքերը առավելապես նոր հանդիպումներ կազմակերպելու մասին են: «Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացումներ չեմ լսել, եթե Սերգեյ Լավրովը այդպես պնդում է, գուցե ինչ-որ հիմք ունի»,-ասաց նա: