Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Ղրղզստանում և Չեխիայում։ Այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի վաղվա օրակարգում։

Ղրղզստանում ռազմական կցորդի վերաբերյալ նախագծում  նշվում է, որ Հայաստանն ու Ղրղզստանը պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: «Ռազմական կցորդի առկայությունը Ղրղզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի»,- ասված է նախագծում:

Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

Չեխիայում ռազմական կցորդ ունենալու մասին նախագծում էլ  նշված է, որ նախագծի ընդունմամբ  ՀՀ-ն կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Նշվում է, որ Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից

Այս նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Նախարարության համար  Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի   ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին  և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

 

410