Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական ու բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ: Համոզված եմ, որ մերօրյա բազմաբևեռ աշխարհում կշարունակենք համատեղ ջանքերով նպաստել փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

369