Շիրակի մարզի Աշոցք համայնքում հունվարի 30-ին մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության առաջին փուլը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մասնակիցների քանակը քիչ է, սակայն մեր առաջատարները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նրանք լրջորեն պատրաստվել են մրցաշարին»,-ասաց Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` առաջնության առաջին փուլում արտերկրից մասնակիցներ չկան, սակայն փետրվարին սպասվող առաջնությանը, հնարավոր է, մասնակիցներ լինեն նաև արտերկրից։ Մասնավորապես, մրցաշարին մասնակցելու ցանկություն է հայտնել Իրանի հավաքականը։
«Ձյան պակասի խնդիր ունենք, բայց լիահույս ենք, որ այս խնդիրը կլուծվի առաջիկայում»,-առանձնացրեց նա:
Հայաստանի առաջնության առաջին փուլում տղամարդիկ կմրցեն 10 կմ դասական ոճում և արագավազքում, իսկ կանայք` 5 կմ ազատ և դասական ոճերում: