Պետությունը չի զբաղվում պետական ռեկետով և չի խլում որևէ բան որևիցե մեկից: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

««Lydian Armenia» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների արժեթղթերը դեռ չեն հանձնվել Հայաստանի սեփականությանը։ Արժույթի հիմնադրամի մեր գործընկերների հետ հիմա մենք աշխատանք ենք անում, որով սահմանում ենք, թե ՀՀ-ն ինչպիսի մասնակցություն պետք է ունենա մասնավոր ընկերություններում։ Որն է այն ռազմավարությունը, որը մենք պետք է ունենանք պետական ձեռնարկություններ ունենալիս: Եվ սա ընդհանրապես վերաբերում է նրան, թե որտեղ ենք ուզում մասնակցություն ունենալ և այդ մասնակցությունը ինչ նպատակ է հետապնդում: Պետք է այս հարցին պատասխանենք, որովհետև մինչև հիմա հարցի պատասխանը ռազմավարական առումով ձևակերպված չէ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը նաև նշեց, որ, հնարավոր է, ռազմավարական կարևորություն ունեցող ընկերություններում պետությունը ունենա ներկայացվածություն. «Այլ հարց է, որ նույնիսկ այդ մասնակցությունը չունենալով հանդերձ, պետությունը ռազմավարական կարևորություն ունեցող ընկերությունների նկատմամբ ունի հատուկ կարգավորումներ և հատուկ ազդեցություն իրականացնելու հնարավորություն նույնիսկ առանց փայատեր լինելու: Ես կարծում եմ, որ այն ռազմավարությունը, որի մասին ես հիմա խոսեցի, դրա ընդունումից հետո կլինի նաև ռազմավարություն՝ դուրս գալու այն ընկերություններից, որոնք չեն համարվի ռազմավարական կարևորություն ունեցող կամ հակառակը՝ հնարավոր է ռազմավարական կարևորություն ունեցող  ընկերություններում անհրաժեշտություն լինի ավելի մեծ մասնաբաժին ունենալու»:

Հնարավոր է՝ ներդումների հետ կապված որոշակի խնդիրներ առաջանան, որտեղ պետությունը պետք է ավելի զգոն լինի, որ իր գործողություններով չխաթարի ներդումային միջավայրը, որը փորձում է բարելավվել, որ Հայաստանում մեծ թափ հաղորդեն օտարերկրյա ներդրումների աճին:

296