
Սփյուռքահայերի կողմից շատ լայն է հետաքրքրությունը ներդրումների առումով: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ անցկացվել է հարցում. մոտ 2000 մասնակից պատասխանել է հարցերին, և նրանց 74 տոկոսը հայտնել են, որ հետաքրքրված են Հայաստանում ֆինանսական նոր գործիքների մեջ ներդրում անելու հարցում, և կեսը ասել է, որ հետաքրքիր է սփյուռքի պարտատոմսերում ներդրումներ անել:
Նա նշեց, որ այդ հարցման արդյունքները ներկայացրել են վարչապետի աշխատակազմին, և հետագա գործողությունները կբխեն մեր ընդհանուր ներքին քննարկումներից: «Մենք արդեն սփյուռքի կողմից տեսնում ենք էական ներդրումներ՝ հիմնականում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպայից, ինչպես նաև Միջին, Մերձավոր Արևելքից: Մենք տեսնում ենք նաև մեծ հետաքրքրություն կա նաև եվրոպական երկրներից, Ռուսաստանից և այլ երկրներից արդեն ոչ սփյուռքահայերի կողմից, այլ՝ այլազգիների: Այդ առումով ներդրումային միջավայրն իսկապես խոստումնալից է»,- նշեց Վահան Քերոբյանը:
Նա հայտնեց, որ անցած տարի ներդրումների ռեկորդային ցուցանիշ ենք ունեցել, և պետք է ավելացնեն ներդրումների հոսքը Հայաստան: