ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը կազմակերպելու հարցը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

«Նախարարությունը չի որոշել որևէ մեկին վերաբնակեցնել,  Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա: Պետական բյուջեով նախատեսված է Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը, համապատասխան մրցույթներն արդեն անկացվել են և պետք է սկսվի շինարարությունը։ Բնականաբար ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որպեսզի ուսանողների կեցության տեսանկյունից հնարավոր հարմար տարբերակներ գտնվեն»,- ասաց Անդրեասյանը:

 

Նախարարը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը ցանկանում են կազմակերպել ուսումնական տարվա ավարտից հետո, որպեսզի ընթացիկ խնդիրներ չառաջանան:

 

«Մենք այսօր խնդիր ունենք միջազգային ծրագրերով մեզ մոտ ժամանող ուսանողների կեցությունը ապահովելու։ Գիտեք, որ մենք բազմաթիվ երկրների հետ ունենք միջպետական կրթաթոշակային ծրագրեր, երբ ուսանողները գնում են այլ երկիր կամ գալիս են մեր երկիր ուսում ստանալու և պետության պարտավորությունն է ապահովել ուսանողի կեցությունը և այդ պայմանները պետք է լինեն բավարար, դրանք պետք է լինեն բավարար նաև մեր ուսանողների համար»,- պատասխանեց նախարարը լրագրողի այն հարցին, թե ինչու է վերանորոգվում հանրակացարանը, եթե կառուցվելու է ակադեմիական քաղաք իր հանրակացարաններով:

739