Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանը կալանավորվել էր 2023 թվականի սեպտեմբերի վերջին։
Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, իր «Mushegh Shushanyan անվամբ գրանցված օգտատիրոջ տվյալներով «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հրապարակային իր հետևորդների և իր կայքէջ մուտք գործելու հնարավորություն ունեցող անձանց համար տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նման գործողությունները:
Բացի դրանից՝ 2023 թվականի մայիսի 19-ին Մուշեղ Սամվելի Շուշանյանը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, իր «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված օգտատիրոջ տվյալներով «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում և «Յութուբ» կայքի «Ազգային ժողովրդավարական բևեռ» կայքէջում ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հրապարակային՝ իր հետևորդների և իր կայքէջ մուտք գործելու հնարավորություն ունեցող անձանց համար տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նման գործողությունները: