Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված նախագծերը։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր նախագիծ են քննարկում, կառավարությունը որոշակի փոփոխություն է առաջարկել նախագծերի փաթեթում։
«Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առաջարկը, նախատեսվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունն ու արարքի վտանգավորությունը։
Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր վիճակը, եթե որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք լինի ընդահնուր բալային համակարգում, կնախատեսենք»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նա հայտնեց, որ երկրորդ փոփոխություն արվում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով. «Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում կհանվի 2 միավոր և կսահմանվի տուգանք՝ աշխատավարձի քսանիննապատիկի չափով: Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ անգամ, եթե արարքը կատարվի, տուգանք և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված»,- ասաց փոխնախարարը։