
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։
Չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան իր ելույթի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական նավթից ստացված օգուտների վերաբերյալ տեղեկատվություն և նշել, որ ԵՄ էներգետիկ կարիքների շրջանակներում այն գտնվում է մյուսների հետ հավասար կատեգորիայի տակ։
«Մենք ոչ մի բանով կախված չենք Ադրբեջանից իրականացվող ներմուծումներից: Այս գործարքից շահում է միայն Ալիևը: Հիմա համեմատենք: Էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայ բռնի տեղահանվեց, նրանք տառապեցին Լաչինի միջանցքի ամիսներ շարունակվող շրջափակումից: Նույնիսկ դասական երկընտրանք չկա մեր սեփական բարգավաճման կայունության և մարդու իրավունքների միջև: Խնդրում եմ ձեզ՝ փոխանցել հարցադրումը պարոն Բորելին, որը դարձյալ ներկա չէ, թե ի՛նչ է անելու Հայաստանին օգնելու համար և կհամոզի՞ արդյոք հանձնաժողովի իր գործընկերներին նվազեցնել գազի և նավթի մատակարարումն Ադրբեջանից՝ մեր ձեռքերն ազատելու համար»,- նշել է նա։