Երևանի Արշակունյաց պողոտայում գործող բենզալցակայանում զենքի գործադրմամբ խմբակային ավազակության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արշակունյաց պողոտայում գործող «Max Oil» բենզալցակայանում դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կա երկու տուժած։
«Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (Ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ)։ Կատարվում է ակտիվ նախաքննություն»,–ասաց Աբրահամյանը։
Նշվում է, որ դեպքի այլ հանգամանքների մասին, ըստ ձեռք բերվող փաստական տվյալների, տեղեկատվություն կհրապարակվի։