
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը:
«ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 188 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ: