Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար առաջարկվում է ծրագիրը երկարացնել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ այս պահին կենսաթոշակների և նպաստների շահառուներին տրամադրվում է անկանխիկ գործարքների 20 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։

«2026 թվականի նոյեմբերին ունեցել ենք այս ծրագրից օգտվող 578 հազար շահառու, և հետվճարի միջին չափը 8200 դրամ է։ Եթե համեմատեմ տարվա սկզբի թվերի հետ (իհարկե, կարող ենք ավելի հետ էլ գնալ), տարվա սկզբին ունեցել ենք 415 հազար շահառու, և միջին չափը եղել է 6900 դրամ, այսինքն՝ մենք կտրուկ աճ ունենք տարվա ընթացքում։ Խոսքը, փաստորեն, 150 հազարից ավելի քաղաքացիներին է վերաբերում, և պրոցեսը շարունակվում է։

Այս տարի հետվճարի վրա արդեն ծախսել ենք մոտ 42 մլրդ դրամ։ Իհարկե, դեռ կշարունակենք ծախսել, որովհետև տարին չի ավարտվել, իսկ մյուս տարվա համար նախատեսել ենք բյուջեով մոտ 60 մլրդ դրամ։ Սա էական ավելացում է մեր քաղաքացիների եկամուտներում, հաջողված ծրագիր է, նաև դրանով է պայմանավորված մեր առաջարկը՝ շարունակելու»,– ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց ծրագրից, ապա արձանագրեց, որ թոշակառուների մոտ 90 տոկոսն արդեն օգտվում է։

228