Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրել:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Վեոլիա ջրին» տրված լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ,սակագների վերանայում: 2024-ի սակագների համաձայն սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:

ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը  բաժանորդների համար։ Արդյունքում,  2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խմ-ի դիմաց՝ գումարային 205.992 դրամ սակագնից՝ 5.522 դրամի  չափով: Ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ սակագնից՝ 4.693 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ 2024-ի պետական բյուջեով այդ նպատակով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա:

229