2023 թվականին մեր տնտեսությունը աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Անցյալ տարի միջին գնաճը կազմել 2 տոկոս, այս նույն ընթացքում միջին աշխատավարձը ՀՀ-ում աճել է 14,6 տոկոս:  Այսինքն ունեք աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ»,- ասաց նա և նշեց՝ ունենք նաև արտահանման առաջանցիկ աճ ներմուծման համեմատ:

Բաբկեն Թունյանը նշեց, որ  անցած տարի գրանցվել է տուրիզմի 40 տոկոս աճ և  անցած տարի Հայաստան է այցելել ավելի քան 2,3 միլիոն զբոսաշրջիկ:

«Աշխատանքի արտադրողականությունը վերջին երեք տարվա ընթացքում աճել է մեկուկես անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս, և նախատեսում ենք մեր ծրագրով՝ մինչև  2026 թվականը իջեցնել տասը տոկոսից»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը անցած տարվա վերջին կազմել է 48 տոկոս: «Մեզ մոտ առաջընթաց է գրանցվել հարկահավաքության տեսանկյունից»,- ասաց նա:

304